Այսօր կրթության մասին օրենքի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԿԳ նախարարին հարցրեց ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղում ուսխորհրդի ընտրությունների շուրջ ծագած խնդիրների մասին` հիշեցնելով անցյալ տարի Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած միջադեպը: «Ես հույսեր չունեմ, որ Դուք կարող եք ինչ-որ բան մոռանալ, ուզում եմ շեշտել, որ իմ քաղաքական գործունեության մեջ ես իմ հույսը դնում եմ հակառակորդների ուժեղ կողմերի վրա,-ասաց Արմեն Աշոտյանը` շարունակելով,- գիտե՞ք` ինչն է զավեշտալին այս իրավիճակում, որ դուք մեզ, մի կողմից, մեղադրում եք այն բանում, որ հանրապետականացնում ենք բուհերը, մյուս կողմից՝ խնդրում եք, որ դա կանխենք, կողմնորոշվեք` ըստ Ձեզ` ես ո՞ր դերակատարն եմ։ Չեմ կարծում, որ ԿԳՆ-ն պետք է խառնվի պետական բուհերից մեկի մասնաճյուղի ուսխորհրդի ընտրությունների գործընթացին»:
Նախարարը նաև ընդգծեց, թե չի խառնվել և չի էլ խառնվելու:
Փաշինյանն ավելի հեռուն գնաց ու նախարարին սպառնաց. «Դուք սխալ հասկացաք` ես Ձեզնից ու Ձեր կառավարությունից որևէ բան խնդրելու ցանկություն չունեմ: Ձեզ` որպես ԿԳ նախարարի, որպես տնտեսագիտականի խորհրդի անդամի, ասում եմ՝ կասեցրե՛ք ձեր հանրապետական ուսանողական բանդաներին, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիներն իրենք դա կանեն իրենց հասու մեթոդներով: Ես Ձեզ չեմ խնդրում, ես զգուշացնում եմ, հետո չասեք, թե չենք զգուշացրել»:
Աշոտյանը «տակը» չմնաց, պատասխանեց նույն ոճով: «Ձեր զգուշացումների կարիքը չունեմ, ոչ էլ նախազգուշացումների, ոչ էլ թույլ կտամ, որ այս դահլիճում կառավարության ներկայացուցչի հետ որևէ մեկը խոսի քողարկված սպառնալիքների լեզվով: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն: Ես չեմ խառնվելու ուսանողների ազատ կամարտահայտությանը։ Ինչ վերաբերում է «բանդաներին», եկեք դրա մասին չխոսենք, ամոթ է, պատիվ չի բերում արձագանքել նման բառամթերքով արտահայտված մտքերին»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ